Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               

Կարծում եք՝ ես կարծում եմ, որ դուք կարծո՞ւմ եք

Կարծում եք՝ ես կարծում եմ, որ դուք կարծո՞ւմ եք
04.12.2015 | 02:24

Հայկական ֆուտբոլային կյանքում վերջին ժամանակներս իրողություններն ավելի քան հետաքրքրական են դառնում ու առաջին հերթին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մատուցմամբ, ով օրեր առաջ մեզանում ֆուտբոլային մեռած կյանքին փորձեց հարություն տալ հավաքականի ֆուտբոլիստներին ներկայացրած մեղադրանքների տեսքով, որտեղ առանցքայինը, նախ, ֆուտբոլիստների դավաճանության գաղափարն էր՝ Ալբանիայի հետ խաղը ծախելու լավ էլ հստակ ձևակերպած մեղադրանքով, ապա այդ դավաճանությունը ջրի երես հանելու, հայկական ֆուտբոլի ավգյան ախոռները մաքրելու նրա բուռն ձգտումը: Մի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյան մի ասա, իրեն ամբողջովին սանիտարիային նվիրած մի իսկական Հերակլես ասա:

Այն, որ «դավաճանություն» որակմամբ գերանդին քարին թե մի այլ բանի դեմ առավ, մի փոքր դժվար է պատասխանել, բայց որ հավաքականի ինն անդամներ հանդես եկան հայտնի հայտարարությամբ, ու որ դա, իր իսկ խոստովանությամբ, բոլորովին էլ անսպասելի չէր հայկական ֆուտբոլի վերջին տասից ավելի տարիներին միահեծանորեն տնօրինողի համար, այստեղ, թույլ տվեք ասել, Ռուբեն Հայրապետյանն այնքան էլ անկեղծ չէ:
Մենք սկզբունքորեն դեմ ենք որևէ մեկի մականվան հիշատակմանը, սակայն քանի որ այդ հիշատակումն անձամբ ինքն է արել մամլո ասուլիսներից մեկում, ասենք, որ նեմեցական բարքերով հայտնի հայկական ֆուտբոլում նա ֆյուրերյան այնպիսի մակարդակի էր հասել, որ բնականաբար համընդհանուր ստրկամտության պայմաններում չէր էլ կարող ֆուտբոլիստներից նման ընդվզում սպասել՝ բարձրաձայնումով, թե անառողջ մթնոլորտը հավաքականի ֆուտբոլիստների շրջանակից դուրս պիտի նայել:
Ասել է թե՝ ո՞ւր նայել, ո՞ւմ կողմը նայել: Բոլոր դեպքերում չեմ կարծում, թե ազգայինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի, ում ոչ ձուկ լինելը հասկացանք, ոչ էլ՝ միս, ով, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չհասկացավ, թե ինքն իրականում ով էր հավաքականում:
ՈՒ քանի որ հավաքականի տղաներին մեղսագրվող դավաճանությունը չափից դուրս առարկայական հասկացություն է, Ռուբեն Հայրապետյանը չգիտես որ մի դատարկագլխի մատուցմամբ փորձեց նահանջել Նիկողայոս Մառին կամ հենց թեկուզ Հրաչյա Աճառյանին անուղղակի ապավինելով՝ ջանալով բացատրել, թե «դավաճանություն» բառն այնքան էլ «դավաճանություն» իմաստը չի պարունակում:
Բան չունենք ասելու՝ մարդը գուցե և տաքացած փոքր-ինչ խիստ է արտահայտվել՝ իրականում այլ բան նկատի ունենալով՝ ասենք՝ հարված գոտկատեղից ներքև, բայց փաստը մնում է փաստ, որ վիճակը գցված է, հայկական ֆուտբոլն էլ դարձել է լայն հանրության բերանում հայտնված ծամոն՝ շատ տխուր անդրադարձով: Այդ թվում՝ միջազգային:
Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում էշը ցեխից հանելու համար քավության նոխազ է պետք: Կլանային բարքերով ուղղորդվող Հայաստանում ալիքի վրա գտնվող Ռուբեն Հայրապետյանը բնականաբար չի կամենում մատաղացու գառ դառնալ, ինչը միանգամայն բնական է, նույնը չեն կամենում դառնալ հավաքականի ֆուտբոլիստները (ինչը նույնչափ բնական է), ովքեր հստակ մատնացույց են արել շան գլխի թաղած տեղը:
Ստացվում է փակ շրջանակ:
Ապավինել ժամանակի զորությանը, թե այն ինքնին կհարթի ինչ-որ եզրեր, այնքան էլ ռեալ չէ, քանզի ՖԱՖ անվանյալն ամուր է կպել գործին (կարծում եմ՝ միանգամայն առողջ մղումներով), իսկ հաղթանակի կամ թվացյալ հաղթանակի արբեցնող բույրը ֆեդերացիայի նախագահի որոշակի տեղատվության տեսքով (տոմսերի գնային քաղաքականության վերանայում, հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն) կարող է զգլխիչ լինել:
Բոլոր դեպքերում անդուր վիճակ է, բայց հանուն արդարության ասենք, որ ամեն ինչ չի կարելի սևացնել: Իր ողջ հակասական կերպարով հանդերձ Ռուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, իր ներդրումն ունեցել է հայկական ֆուտբոլում, ու չպիտի ասել, որ, ինչ է, ի պաշտոնե դրանք է՞լ չպիտի աներ: Ի պաշտոնեից առաջ ու հետո այդ մարդը նաև իր միջոցներից է շատ բան դրել ու միանգամայն իրավունք ունի դրանց մասին բարձրաձայնելու, թեպետ, համոզված եմ, հարկադրված է բարձրաձայնում: Ես սա չեմ ասում որպես պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի, ով իր բնավորության ձեռքը մաքուր էն անտերի մեջն է ընկել: Ես սա ասում եմ հանուն օբյեկտիվության, որովհետև Պլատոնը որքան էլ իմ բարեկամն է, ճշմարտությունն առավել է: Չեմ կարծում, որ սույն թևավոր խոսքը տարընթերցումով կկարդաք ու կմտածեք, թե տվյալ պարագայում Պլատոնը Ռուբեն Հայրապետյանն է ու իմ բարեկամն է: Ավելին՝ այդ մարդուն ես անձնապես չեմ էլ տեսել: Խնդրում եմ հայտարարությունս ընդունել որպես անկեղծ խոստովանություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ